среда, 20 ноября 2013 г.

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆՀԱՅՏ ՆԱՄԱԿԸ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒՆ


գուրգեն մահարի1961 թվական: Ամառ: Շատերն են արդեն թողել Երեւանը ամառային շոգերին չհանդիպելու համար: Նրանց թվում է Մահարին, որը սիբիրյան «տուրից» հետո ոչ մի ամառ չի մնացել Երեւանում: Ամառը հարմար է նաեւ «ազգամիջյան բարեկամական կապերի ամրապնդման համար»: Մոսկվայում հունիսի 16-ից նախատեսվում են հայկական պոեզիայի օրեր: Միջոցառումը շարքային չէ: Հայ ընտրյալներին սպասում է «պտույտ մը» Ռուսաստանի քաղաքներով: Մեկնողների ցուցակ ընկնելու համար սկիզբ են առնում ներհակ գործընթացներ: Տեղերը սահմանափակ են: Պայքարի թոհուբոհում գրեթե աննկատ է անցնում Վահագն Դավթյանի «հրաժարիմքը»……
Վերջապես խումբը ձեւավորվում է: «Զոհերն» անխուսափելի են: Ինչպես Պալանկայից Մահարին հարցրեց իր նամակագիրներին, մենք էլ տանք «ովքե՞ր են խմբում» եւ «ո՞ւմ չեն տարել» հարցերը եւ կարդանք պատասխանները:
Սկսենք աննշան կրճատումներով հենց Սեւակի նամակից, որը գրվել է հունիսի 24-ին` Լենինգրադից.
«Գուրգեն Խան, սիրելի, սիրելի՜՜՜.
Երեւի մտածում ես, որ ինձնից էլ «բան դուրս չեկավ»:
Մեղավորը ես չեմ, այլ… պարագաները:
Նամակներդ երկա՜ր սպասել էին ինձ – գյուղում էի [1]:
Երբ ստացա` ամենայն լրջությամբ մի քանի անգամ հրաժարվեցի, բայց վերջում “не выдержала душа поэта” եւ – համաձայնվեցի ընկերանալ ընկերներիս Մոսկվա-Յարոսլավ-Լենինգրադ երթուղով:
Օրերը խիտ էին, լեցուն անհանդիպում հանդիպումներով եւ հանդիպումներով հանդիպակաց, կոնյակով եւ հանքային ջրերով, արեւով ու անձրեւով:
Հիմա Լենինգրադն ենք: Իր յուրահատուկ եղանակով: Բոլորը դրսումն են: Ես` անկողնումս: Բայց – ավա՜ղ. ոչ թե «ման գալ»-ուց հետո, այլ պարզապես մրսած-հիվանդ եմ:
Սպասում եմ արեւի եւ առողջության:
Հին հարցերիդ պատասխանեմ:
Երեւանում ուշադրության արժանի ոչ մի բան չկա(ր):
«Հոդվածիկդ» վաղուց տպված է [3]:
Գիրքս, քո ստորագրությունից հետո էլ, չտպեցին – հետաձգեցին 62-ին [4]:
Նույնը` Համոյի հետ:
Ինչու` չհասկացանք:
Նաիրու հոբելյանը անցավ սառն ու պաշտոնական:
Սեւունցի հոբելյանին, разумеется, չկայի…
Քո հոբելյանը կլինի շուտով եւ… սրտառուչ բառերի փնտրտուք չի լինի…
Իմ հոբելյանը… երկրորդ օրն է, ինչ նշում եմ իմ հոբելյանը` պառկած մահճակալիս մեջ եւ ոչ թե վրա (ճիշտը` «…ին» – «մահճակալին) [5]:
Ընկերս նաեւ N (համար)ակիցս, նախկին մրցանակակիր եւ այժմյան բեղակիր Գեւորգ Էմինը (նույն ինքը Գէորգ Եմին), ինձ մենակ թողած` ի՞նչ է տալիս, ի՞նչ է առնում` չգիտեմ: Բայց կարեւորն է այն, որ մեր երկկողմյան համաձայնությամբ, մի քանի օր հետո, երբ մենակ մնանք, այսինքն ճամբա գցենք մեր արյունա-գրչա-հյուրանոցակիցներին, կջանանք շատ բան տալ եւ համապատասխան բան առնել…
Եվ, հավանաբար, մեկ անգամ էլ անհանգստացնենք քեզ մեր ծուռտիկ-մուռտիկ ձեռագրով:
Որ «ծերությունիցդ» ջահելություն ես սարքել եւ մեզ ձեռ ես առնում – շատ լավ ես անում:
Որ մենք նույնը հիմա չենք կարողանում անել – չհասկացա՜……
Հա, մոռացա նշել, թե ովքեր ենք եկել: Նաիրին, Գեղամը, Էդուարդը, Էմինը, Համոն, Սիլվան, Մարոն, Գրիշան, Հրաչիկը, Դարբնին, Հակոբը, Վերան (քոնը` Զվյագինցեւան) [6], Իրինա Սնեգովան, Գրաշին եւ, եւ… ես, եւ… երաժիշտներ – 5-6 հոգի:
Ամսույս 28-ին վերջանում է մեր պաշտոնական կյանքը:
Բոլորը, կարծեմ, մեկնելու են:
Իմ ու Գեւորգի միտքը «խարաբ է»:
Այդ «խարաբության» ժամանակ էլ կհիշենք ու կգրենք քեզ:
Հասցեդ փոխված լինի`
նամակներս ետ կստանանք:
Քեզ գրկելուց ու համբուրելուց առաջ սպասում եմ անառակ Գեւորգին, որ մի քանի խոսք էլ ինքը ավելացնի:
Բայց մինչեւ նրա գալը էլի՛ գրկում ու համբուրում եմ քեզ,
սիրելի,
սիրելի,
սիրելի
Գ. Խան I.
Քո` Պարույր II
Նամակն իսկապես լավ նամակ է, սակայն այն ավելի վերաբերում է Մահարի-Սեւակ կապերին, քան այդ օրերի իրադարձություններին, որոնց կողքով Սեւակն անցնում է գրեթե լռությամբ: Պակասը լրացնելու համար բացենք Մահարու նամակադարանը:

Комментариев нет:

Отправить комментарий