«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդական հերոսավեպը կամ էպոսը։ Վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ «Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը. ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։
Բովանդակություն
«Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։
«Սանասար և Բաղդասար»։ Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է։ Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից։ Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում։ Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հետո նա մեկնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։
«Մեծ Մհեր»։ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին Սասունը հարկատու էր Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են Առյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու։ 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են։
«Սասունցի Դավիթ»։ Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ քաջազունը մեծանում է ժամ առ ժամ։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթն սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ և անունը դնում Մհեր։ Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։
«Փոքր Մհեր»։ Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
Նախնական հիշատակություններ
Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղդասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Թագավորաց չորրորդ, ԺԹ), հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում։ Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդների (Ա.Տենրեյրո, Մ.Աֆոնսո) ուղեգրական նոթերում։ Ուշ հայկական աղբյուրների թռուցիկ հիշատակությունները վերաբերում են 19-րդ դարում հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (Խանդութի ձոր, Խանդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Խլաթի մոտակայքում)։
Գրառումներն ու հրատարակությունները
«Սասնա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իրվ երջնական և ավարտուն տեսքը ստացել VIII դ.։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություններից մեկի` Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները, միայն այն տարբերությամբ, որ արաբ ոստիկանին սպանողը ոչ թե Դավիթ Արքայիկն էր, այլ Խութեցի Հովնանը։ Էպոսի մնացած երեք ճյուղերոմ մենք կարող ենք գտնել հայ առասպելաբանության, հասարակության դասակարգերի, հնագույն դիցարանի մասին տեղեկություններ, որոնք պետք է օգտագործվեն անցնելով խորաքննին ուսուսումնասիրություններից հետո միայն։ Եվրոպային էպոսը հայտնի է դարձել XVI դ. պորտուգալացի ճանապարհորդներ`Մեստրե Աֆոնսոյի և Անտոնիո Տենրեյրոյի շնորհիվ։
«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873-ին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնուպոլիսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874 թ.)։ Երկրորդ տարբերակը 1886-ինԷջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889թ.)։ Նորանոր տարբերակներ են գրառել Գ.Հովսեփյանը, Խ.Դադյանը, Ս.Հայկունին, Ա.Աբեղյանը, Ե.Լալայանը, Կ.Մելիք–Օհանջանյանը, Ա.Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թթ. «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ.Աբեղյանի, Գ.Աբովի, Ա.Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939 թ.)։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ.Չիթունին Փարիզում («Սասունական», 1942 թ.)։
Վիպասացների հայրենիքը
Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։ XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս։ Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմբ նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը։ «Սասնա ծռերը» ավանդվել է բանավոր և նրա բնագրերը XIX-XX դդ. տարբեր վիպասաններից գրառված տարբերակներ են, որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական ներքին հատկանիշներով բաժանվում են տիպաբանական–տեղագրական երեք մեծ խմբի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Սրանցից բացի, կան նաև խառը։ Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Սասունինը, որի տարածումից էլ ստեղծվել են մյուս տարբերակները։
Կառուցվածքն ու գլխավոր հերոսները
Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր (երբեմն՝ Առյուծաձև Մհեր), Դավիթ (Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով) և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։
Գրական մշակումներն ու թարգմանությունները
«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903 թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թ. թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն–Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։
Комментариев нет:
Отправить комментарий